Սահմանադրության փոփոխությունը ՀՀ իշխանությունները նախաձեռնել են Ալիևի պահանջով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Այսօր՝ հուլիսի 5-ը, ՀՀ սահմանադրության օրն է։ 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, որը սահմանեց, որ Հայաստանն ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է և երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, հանրապետության կառավարման ձևը։ Հաղորդման հյուրը ներկայացրեց Սահմանադրության ստեղծման նախապատմությունը և փաստերով ներկայացվեց, թե ինչպես են 2018 թվականից հետո պարբերաբար իշխանությունների կողմից խախտվել սահմանադրական դրույթները, ինչպես են նվաստացվել մեր պետական խորհրդանիշները։ Զրուցակիցն անդրադարձավ նաև 2020 թվականի այսպես կոչված սահմանադրական բարեփոխումներին՝ ասելով, որ դրանք իրականացվել են բոլոր օրենքների ու կանոնակարգերի կոպիտ ոտնահարումներով ու խախտումներով։ Մասնավորապես խոսելով նախաձեռնված վերջին փոփոխություններին՝ Էդգար Ղազարյանը հավաստեց, որ դրանք իրականացվում են Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջով, և այդ փոփոխությունները հնարավորություն են տալու Թուրքիային և Ալիևին պարտադրել հայերին հրաժարվել Արցախից ու Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։

Էդգար Ղազարյանի հետ խոսեցինք նաև ԱԺ-ում ստեղծված իրավիճակից, երբ ընդդիմադիր երկու պատգամավորներ հրաժարվել են իրենց մանդատներից, ընդդիմադիր խորհրդարանական երկու պատգամավորներին պաշտոններից զրկելուց հետո հանձնաժողովների մյուս ընդդիմադիր ղեկավարները հրաժարվեցին իրենց պաշտոններից՝ բացառությամբ Թագուհի Թովմասյանի, և այժմ էլ քպ-ականները սպառնում են թույլատրելիից ավելի երկար ժամանակով ԱԺ-ից բացակայած ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատներից։ Նա ասաց, որ արդեն իսկ պետք է արձանագրել, որ գործող խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ խախտվել է սահմանադրական կարգը, ըստ որի մի շարք հանձնաժողովների նախագահներ պետք է ընդդիմադիր խմբակցություններից լինեն։ Իսկ եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետևաբար լեգիտիմ չէ նաև կառավարությունը, որը պետք է հաշվետու լինի խորհրդարանին։ Դա նշանակում է, որ երկրում առկա է քաղաքական, խորհրդարանական ճգնաժամ, ինչը նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն է անօրինական դարձնում։

Մանրամասները՝ տեսանյութում