Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում հուլիսի 1-ին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ անցկացված թվով արդեն չորրորդ հանդիպմանը։

Անդրադառնալով նրան, որ կողմերը այդ օրը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Ռուբեն Ռուբինյանը հստակեցրեց, որ երրորդ երկիր ասելով հասկանում են բոլոր երկրները, բացի Հայաստանից և Թուրքիայից:
«Այսպիսի գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրագործումը, իսկ երբ խոսքը առաջին պայմանավորվածությունների մասին է, էլ ավելի կարևոր է դրանց ժամանակին իրագործումը, քանի որ դրանց իրագործումը կստեղծի վստահություն, չիրագործման դեպքում դա կխաթարի գործընթացը»,- ասել է նա։