Շարունակաբար արվում է հնարավոր ամեն բան Հայաստանին ու Հային պետականության ու ինքնիշխանության կորստին հանգեցնելու համար

Հայրենիքից շարունակաբար հանձնվող տարածքներ, բանակի օգտագործում՝ որպես պատժի միջոց, մենիշխանության ձգտում, թուրքի հետ բարեկամանալու քարոզ…Սա է այսօրվա Հայաստանյան իրականությունը։

2018թ.-ի հեղափոխությունից հետո արվեց և արվում է հնարավորն ու անհնարինը բանակն արժեզրկելու համար։ Սկզբում փորձ արվեց շինծու գործեր հարուցել ու ձերբակալել գեներալների ու բանակում իրենց մեծ ներդրումն ունեցած անձանց, նրանց ներկայացնել որպես թալանչի։ Իսկ այսօր բանակը փորձում են նմանեցնել պատժավայրի կամ աքսորավայրի՝ դիմադրության շարժման մասնակիցներին եռամսյա զորավարժության մասնակցելու ծանուցագրեր ուղարկելով։ Ի դեպ,  Ստալինյան բռնաճնշումների ժամանակ էր, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտելու համար կարող էին աքսորվել։

Շարունակաբար հանձնվող տարածքներից այս անգամ հերթը Բերձորինը, Աղավնոյինն ու Սոսինն էր։ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն օրեր առաջ իր ասուլիսի ժամանակ բացեիբաց խոսեց վերոնշյալ տարածքների հանձնման մասին։

Հարկ է նշել, որ Աղավնոն, Սոսն ու Բերձորը ռազմավարական կարևորագույն հանգույցներ են ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների համար։ Բայց ինչպես մնացած տարածքները, սրանք կարելի է նվիրել թշնամուն՝ նրան ամեն գնով հաճոյանալու համար։

ՀՀ ԱԺ-ն էլ շարունակում է որոշումներ կայացնել միայն ՔՊ-ականների քվեարկությամբ՝ ամեն ինչ իրենց կամքին հարմարեցնելով։

Դրա համար նրանք նույնիսկ օրենքներ են փոխում իրենց ցանկությունների շրջանակներում։ Դրա վառ օրինակն է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի  փոխնախագահի թեկնածուի ընտրությունը, ԱԺ տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնանկ արվելը փակ դռների հետևում միայն իշխանական ֆրակցիայով։

Բայց այս մարդիկ կամ չեն գիտակցում կամ էլ չեն ուզում գիտակցել, որ այս ամենն անմիջականորեն իրենց համար է ունենում ծանր հետևանքներ, քանի որ այս ամենից հետո հրաժարականի դիմումներ ներկայացրին ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, Ֆինանսավարկային և Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ սատար կանգնելով իրենց պաշտոնանկ արված գործընկերներին։ ՔՊ-ականներին մեկ է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ այս պաշտոնները կարող են զբաղեցնել միայն ընդդիմադիրները։

Այս ամենի ֆոնին իշխանական թևի ներկայացուցիչները շարունակում են քարոզել, որ պիտի մեր հարեւան թուրքերի հետ խաղաղ ապրենք, թշնամանքը մոռանանք, ջնջենք հիշողությունից 1915 թվականը, Մարաղայի, Ադանայի, Գանձակի, Բաքվի ու շատ այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության ջարդերը, Արցախյան բոլոր պատերազմներին տղերքի թափված արյունը։

Շարունակաբար արվում է հնարավոր ամեն բան Հայաստանին ու Հային պետականության ու ինքնիշխանության կորստին հանգեցնելու համար։

Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է, գոյատևման փորձություն։ Վստահաբար, պատվով սա էլ կհաղթահարենք։ Պայքարը շարունակվում է։

Շուշան Զաքարյանի ֆեյսբուքյան էջից