Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան

Երկուշաբթի ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գարու արտահանումն արգելելու մասին, տեղեկացրել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Որևէ փոփոխություն ցորենի և գարու [արտահանման] արգելքի մասին կառավարության որոշման մեջ չի մտցվել, հետևաբար, այն այսօրվանից ուժի մեջ է մտել»,- նշել են կառավարությունում։

Վրաստանի իշխանությունները հունիսի վերջին որոշում էին կայացրել ցորենի և գարու արտահանման արգելքի մասին։ Արգելքը կգործի մինչև 2023 թ. հուլիս։ Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրվող եգիպտացորենը։

Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով, 2021թ. հանրապետությունն արտահանել է ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Հայաստան (365 հազար դոլար), 49 տոննա Թուրքիա (16 հազար դոլար) և 40 տոննա Ուկրաինա (10 հազար դոլար)։ Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը 2021թ. կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավելի էր, քան 2020թ.։

Վրաստանն ամեն տարի սպառում է 650 հազար տոննա ցորեն։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15 տոկոսով։ Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը՝ Ռուսաստանից։ Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալը՝ սպառվող քանակության 15 տոկոսից հասցնելով 50 տոկոսի։