Ճամբարակում պայմանագրային զինծառայողի մահվան գործով կալանավորվածներն ազատ են արձակվել. 7 ամիս նախաքննություն է ընթանում

Ճամբարակում նախորդ տարվա նոյեմբերի 16-ին մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Ավետյանի գործով արդեն 7-րդ ամիսն է, ինչ նախաքննություն է ընթանում, գործը դեռ դատարան չի ուղարկվել: NEWS.am-ի հետ զրույցում  Գեւորգ Ավետյանի եղբայրը` Գուրգեն Ավետյանը կարծում է , որ գործը միտումնավոր  է ձգձգվում:

«Մեզ ասում են, որ փորձաքննությունների արդյունքները դեռ  չեն ստացել, դրանց են սպասում, որպեսզի գործը տեղից շարժվի: Կալանավորված 2 զինծառայող կար,  նրանց ազատ են  արձակել,մեզ էլ ներկայացրել են, որ իրենց մեղքը քանի ապացուցված չէ, կարող են ազատության մեջ գտնվել: Մեկը կալանավորված մնացել է 4 ամիս, մյուսը 6 ամիս, մեղադրյալներից մեկի բարեկամը գլխավոր դատախազի խորհրդականն է, խորհրդականի եղբայրն էլ իրենց գործով զբաղվող փաստաբանն է, բա տենց էլ պետք է լիներ, կարծում եմ` այդտեղ փողն է դեր խաղալու»,-ասաց նա:

Մահացածի եղբայրը պնդում է, որ իր եղբորը սպանել են, ոչ թե հասցրել ինքնասպանության ինչպես նշվում է առաջադրված մեղադրանքում:

«Ինչքան էլ իրենց ճղեն, մեկ է` մարդ չի կարող իրեն 3 կրակոց արձակի ինքնասպան լինի, մենք կարծում ենք, որ սպանություն է»,- հավելեց նա:

Նշենք, որ ավելի վաղ Պն-ից հայտնել էին, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորում ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը:

Դատախազությունից էլ հայտնել էին, որ 2 անձ է կալանավորվել, կատարված  նախաքննության  արդյունքում նոյեմբերի 19-ին պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին ՀՀ  քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղարդանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: Պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին նույն օրը՝ նոյեմբերի  19-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նյութերով նոյեմբերի 16-ին, հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով. Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: