Էշով ԱԺ-ի մոտ ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանն ազատ է արձակվել

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ, ԱԺ շենքի դիմաց էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանը, ով հունիսի 2-ին  երկու ամսով կալանավորվել էր սուտ մատնության մեղադրանքով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, այսօր ազատ է արձակվել։

Սևադա Ղուկասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ  երկու օր առաջ եղել է նախնական դատական նիստը, որի ընթացքում խափանման միջոցը փոխելու հարց է բարձրացվել իրենց կողմից, և այսօր նա 2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 8-ին:

Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ Սևադան ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

«Սևադան հաղորդում էր տվել հանցագործության վերաբերյալ, որ իր նկատմամբ բռնություն է  եղել ոստիկանի կողմից, այդ ընթացքում ատամն է կոտրվել, հետո ինչ-ինչ հանգմանքներով հայտնվեց ինչ-որ մի ձայնագրություն, որտեղ իբր թե Սևադան կատակով էր ասում, թե լուրջ, չգիտեմ…Այնուհետև քրեական գործ էր հարուցվել Սևադայի նկատմամբ սուտ մատնության հոդվածով,և որոշ ժամանակ անց նա ընդունել է  մեղքը։ Եթե եղել է սուտ մատնություն, ճիշտ չէ, մյուս կողմից էլ գտնում եմ, որ անզոր վիճակից է։ Տեսնում եք ոստիկանների կողմից որքան բռնություն, անհամաչափ ուժ է կիրառվել ու անպատիժ մնացել այդ ամենը։  Եթե այդ ամենի հետևանքով եղել է սուտ մատնություն, ցավալի է, չեմ արդարացնում, բայց հասկանում եմ, որ իր անզորությունից է եղել, իսկ եթե սուտ մատնություն չի եղել, պարզապես գտնվելով կալանավայրում, հուսահատ, ճնշված վիճակում է մեղքը ընդունել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ երկու դեպքում էլ երկրում ստեղծված իրավական, ոչ արդարացի դատական համակարգի, բացթողումների հետևանք է։

«Ամեն դեպքում, որ պատճառով էլ արած լինի, գտնում եմ, որ հետևանք է երկրում առկա ոչ առողջ մթնոլորտի»,- ընդգծեց Ս.Հարությունյանը։