Քրեական պատասխանատվություն՝ երեխայի խնամքի կամ դաստիարակության պարտականությունը չկատարելու համար

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածը, որը սահմանում է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերը, դրանց համար նախատեսված պատիժները։

Այսպիսով, ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման` պատժվում է տուգանքով` 10 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Վերոնշյալ արարքը, որը`

1) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով կամ,

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: