Մարդասիրական գործունեության համար բժիշկ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վերջինս Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:

Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին և տիկին Ագարակյանին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագրերը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար: