Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ առողջական վիճակով պայմանավորված՝ «կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։

Այսօր դատարանը հրատապ նիստ էր հրավիրել։ Պաշտպանները նշել են, որ Աղվան Հովսեփյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նրան կալանքի տակ պահելը խոշտանգում է և միջնորդել են դատարանին՝ Ա․ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ կարող են վճարել որպես գրավի չափ՝ սկսած 80 մլն ՀՀ դրամից։