Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի համար բանակցությունները շարունակվում են. Արայիկ Հարությունյան

Բերձորն անկախ ամեն ինչից՝ պետք է անցնի Ադրբեջանին, քանի որ այդպես է նախատեսված եռակողմ համաձայնությունում, իսկ ինչ վերաբերում է Աղավնո գյուղին, ապա պայքարը, բանակցությունները շարունակվում են։

Այդ մասին Արցախի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան նշեց նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նաև հավելեց, որ Սուս գյուղում, որը նույնպես մտնում է եռակողմ համաձայնագրով հինգ կիլոմետրանոց Լաչինի միջանցքի մեջ, բնակիչ համարյա չկա։ «Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են փոխհատուցումներ»,- հավելեց նա։

Ըստ Արայիկ Հարությունյանի, հայկական կողմերը ՌԴ-ից և Ադրբեջանից մի քանի առաջարկ են ստացել Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, ընտրել են այն, որն ավելի անվտանգ է, քան գործողը։