Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը

«Նախագծով առաջարկում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց սկսել և ճանաչել հանրության գերակա շահ»,-գործադիրի նիստում զեկուցելով հերթական նախագիծն՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Գործադիրի որոշմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչվեց Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող 570 միավոր հողամաս:

«Նպատակը շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատումն է որովհետև այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան, և մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-իր հերթին որոշումը պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիանի հատվածի կառուցման աշխատանքների մեկնարկին՝ ՏԿԵ նախարարն ասաց. «Մեր նպատակն է մինչև տարեվերջ ունենալ շինարար, որից հետ արդեն 2023 թվականը կդառնա շինարարության համար մեկնարկի տարի»: