Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

Վրաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը։  Այս մասին չորեքշաբթի օրը Թվիթերի իր էջում գրել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։

«Միշտ հաճելի է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի ամենավստահելի և կարող գործընկեր, պատրաստ է սերտորեն աշխատել անդրատլանտյան համայնքի հետ՝ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը, տարածելու ընդհանուր արժեքները տարածաշրջանում և դրանից դուրս»,-գրել է Ղարիբաշվիլին։

Հունիսի 28-30-ը Մադրիդում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքը մշակել և ընդունել է նոր ռազմավարական հայեցակարգ։ Ռուսաստանը հայեցակարգում որակվում է, որպես «ամենաէական վտանգ»։