ՔՊ-ն մտադիր է «գրավել» Երևանն ու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ քրեաօլիգարխիկ շրջանակների օգտագործմամբ

Դեռ մեկուկես տարի առաջ են սկսվել Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ նախընտրելի թեկնածուի համար քաղաքային իշխանության կազմի փոփոխությամբ, այսօր նաև՝ օրենսդրական փոփոխություններով, ըստ որի՝ ավագանին ինքնալուծարման գնալու հնարավորություն կունենա՝ արագացնելով Երևանի ավագանու ընտրական գործընթացները։

Իշխանության քաղաքապետի թեկնածուի անունը գործող քաղաքապետի ընտրությանը զուգահեռ, դեռ ավելի առաջ է հնչել՝ հանձինս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Բայց ներկա իշխանությունից ով էլ լինի, միևնույն է՝ ներկա իշխանությունը մայրաքաղաքում ծանրակշիռ ձայներ հավաքելու խնդիր է ունենալու։ Դեռ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՔՊ-ն Երեւանում մեծամասնություն չունի։

Այդ է պատճառը, որ այսքան շուտ են գործի անցել՝ փորձելով մեծամասնություն ապահովելու ուղիներ գտնել. նրանց հույսը միշտ գյուղական համայնքներն են եղել։

Այս ֆոնին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Ընդ որում, այդ զարգացումների մեջ իշխանությունը կարևոր դեր է վերապահում նախկին օլիգարխներին։ Այն նախկիններին, որոնց ուղղությամբ «բոչկա գլորելը» ներկա իշխանության առաջնորդի փրկօղակն է միշտ։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին իշխանությունը նոր, արտառոց դաշինքներով կգնա, ուր պատվավոր տեղ կզբաղեցնեն նախկին օլիգարխիայի ներկայացուցիչները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է «Ալեքսանյան» դաշինք ձևավորելով իր մասնակցությունն ունենալ ավագանու ընտրություններում եւ ավագանիում տեղե զբաղեցնելով նպաստել Ավինյանի ընտրությանը ։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը ևս տրվում է, թեպետ, այս դեպքում, իշխանությունն առավելապես շանտաժի իր սիրած մեթոդին է դիմում։ Մեր տեղեկություններով նրա հեւ եւս տարբեր ճանապարհներով բանակցություններ են իրականացվել, ստացել խոստում, սակայն նրան վերահսկողության տակ պահելու համար նախաձեռնել են տարբեր քրեական գործընթացներ։ Օրեր առաջ Բեգլարյանի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դիմումն ընդունվել է վարույթ. Սա ըստ էության շանտաժի տարրեր է իր մեջ պարունակում. Գույքից եւ ունեցվածքից կզրկեն, եթե հանկարծ փորձի խստումը չկատարել։

Ստացվում է, որ նախկիններին մեղադրելով՝ այսօր հենց վարկաբեկված նախկինների ձևավորած դաշինքների՞ց է կառչում ներկա իշխանությունը՝ հասկանալով, որ միայնակ անհնար է լինելու մայրաքաղաքում արդյունքի հասնել։ Այս կերպ քաղաքապետի թեկնածու Ավինյանն ինքն էլ հակասում է իրեն, քանի որ պետական պաշտոնը թողնելիս հայտարարել էր, թե կարեւորում է բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, բայց այսօր պատրաստվում է նույն ոչ միայն բիզնեսի, այլեւս քրեաօլիգրախիկ շրջանակների ներգրավվմամբ իրականություն դարձնել Երեւանի քաղաքապետ դառնալու իր ցանկությունը։