Շիրակի պատվիրակությունը Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության 4-րդ համաժողովին

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության
չորրորդ համաժողովը։ Նոր Ռոնի և Լիոնի Մետրոպոլի սենատոր Պրն. Ժիլբեր Լյուկ Դըվինազը, ով
Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է, մոդերացրել է «Տարածքային
բարեփոխումներ, մարտահրավերներ և հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղանը, որին հաջորդելու են
քննարկումներ երեք` «Զբոսաշրջություն», «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն»
աշխատախմբերում: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։
Շիրակի մարզպետարանից  հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության
պատվիրակության կազմում է նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանի համայնքների
միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France)
համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի
նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի
Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է
ավելի քան 300 մասնակցի:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006
թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան
չորս թեմաների վրա` տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում,
զբոսաշրջություն և գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ
երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:
Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից,
որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։