Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային
խորհրդակցություն։ Ներկա էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների
ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են հունիսի 30-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի
օրակարգի հարցերը։
Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա
հարցերից հունիսի 30-ին գումարվող նիստի օրակարգում ներառվել են Արցախի Հանրապետության
նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022
թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։
Նիստի օրակարգում ընդգրկվել են նաև գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն
ներկայացրած 2 տասնյակից ավելի օրենքների նախագծեր։
Նիստը կամփոփվի ԱՀ նախագահին և Կառավարության անդամներին ուղղված հարցերով ու
պատգամավորական հայտարարություններով։
Խորհրդակցության ավարտին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հունիսի
30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։