Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և
Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի
դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության
վերաբերյալ։  ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր
Գրիգորյանը։
Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային
խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է
նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության,
նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով
քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի
վերաբերյալ»,- ասել է նա։
Հայաստանի փոխվարչապետի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել
ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու դրանց հետագա օգտագործման
հետ կապված հարցերը»։