Աղվան Հովսեփյանի կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար հրատապ դատական նիստ է նշանակվել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման
միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար Երևանի ընդհանուր իրավասության
դատարանը հրատապ դատական նիստ է նշանակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան
Աննա Մնացականյանը։
«Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-
ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց
կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ նա
գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան
Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է
էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել
է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի
փոփոխման հարցը։
«Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է,
այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։