Փաշինյանը փակում է Արցախի կյանքի ճանապարհը

Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած օնլայն ասուլիսում, որը բոյկոտեցին   հայաստանյան հայտնի լրատվամիջոցների գերակշիռ մասը՝ նրան հարցեր չուղղելով։

Իրականում Փաշինյանը նոր բան չասաց․ նա ազդարարեց  բրիտանա-թուրք-ադրբեջանական ծրագրի  հերթական փուլի մասին, որի կատարման համար 4 տարի առաջ բերվեց իշխանության։

Եվ այսպես, հայտնի մանիպուլյատորը, որն այս անգամ ևս գործի դրեց ժողովրդին խաբելու իր ստի տեխնոլոգիաները, երեք ու կես ժամ մարդկանց ուղեղները  լվանալուց հետո,  ասաց երկու բան՝ ինչի համար հրավիրել էր այդ ասուլիսը։ Առաջին՝ «Բերձորը շրջանցող նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ  սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»։ Այսինքն, պարզ հայտարարեց, որ հայ ժողովրդին տանում է նոր  հայրենազրկման ճանապարհով՝ Ադրբեջանին է հանձնում հայկական Բերձորը, Աղավնո և Սուս բնակավայրերը։

Երկրորդ, հայտարարեց, թե․«Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորել»․ սրանով էլ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սկսման sos հնչեցրեց։  Եվ դա ամենևին պատահականորեն չարվեց․ Փաշինյանը նոր պատերազմի մասին գուժեց՝ վախեցնելով  խաղաղասեր հայ ժողովրդին ու այդ կերպ արդարացնելով մեր հայրենիքի տարածքները կտոր-կտոր թշնամի երկրին  զիջելու իր հայակործան քաղաքականությունը։

Ադրբեջանը արցախցուն կստիպի լքել իր  բնօրրանը

Ի՞նչ վտանգներով է հղի  հայրենազրկման նոր փուլը։  Բերձորը՝ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, ու հիմա  Փաշինյանը թշնամուն է հանձնում այդ ռազմավարական  ճանապարհը՝ Արցախն ամբողջությամբ կտրելով Հայաստանից։

Սա նշանակում է՝ պատերազմից հետո Արցախից մնացած  2,5 000 քառ․կմ տարածքի  ամբողջական հանձնում թշնամուն։

Սա նշանակում է՝ արցախահայությանը կանգնեցնել նոր ցեղասպանության առաջ։

Սա նշանակում է՝ Արցախի վերջնական հայաթափում։

Ռազմավարական  ճանապարհի հանձնմանը զուգընթաց՝  Ադրբեջանի ենթակայության տակ են անցնելու կոմունիկացիաները՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարը, էլեկտրաէներգիայի հոսքագծերը, ինտերնետային կապը ապահովող մալուխները։ Չկասկածեք՝ ձմռանը Ադրբեջանը նորից կփակի գազատարի ծորակները՝ արցախահայությանը  կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։  Ու Արցախը հայաթափելու ծրագրի իրականացումը կդառնա ընդամենը օրերի խնդիր, Ադրբեջանը կստեղծի մի իրավիճակ՝ և՛ կկրակի, և՛ բարոյահոգեբանական ճնշում կգործադրի, և արցախցին ստիպված կլինի լքել իր հազարամյակների  բնօրրանը՝ իր Արցախ աշխարհը․․․

Շտապում է Իլհամը, շտապում է Նիկոլը

Նախկինում արցախյան բանակցային գործընթացում Բերձորի հարցը երբեք չի եղել քննարկման առարկա, «Լաչինի միջանցքը», ինչպես Արցախի կարգավիճակի հարցը,  հայկական քաղաքականության կարմիր գծերն էին, որոնք երբե՛ք չեն անտեսվել։ Մինչդեռ ներկայիս  իշխանության համար չկան կարմիր գծեր, նրանց համար կա մեկ գիծ՝ դա թուրքական օրակարգն է, ինչի սպասարկուն  Փաշինյանն է ու իր տխրահռչակ խմբակը։

2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ևս որևէ խոսք չկա Բերձորի հանձնման մասին։ Նշվում է՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի հաստատման մասին, ու ճշտվում, որ դա կախված է լինելու  կողմերի համաձայնությունից։ Այսինքն, կողմերից մեկը՝ Հայաստանը, կարող էր նաև չհամաձայնել։ Սա ենթադրում էր երկարատև  գործընթաց, ասել է, թե կար հնարավորություն՝ հօգուտ հայկական կողմերի,  ժամանակ շահել: Սակայն Փաշինյանը շտապեց հանձնել Արցախի «կյանքի ճանապարհը», որովհետև շտապում է Ալիևը, շտապում են Նիկոլին իշխանության բերած աշխարհաքաղաքական կենտրոնները։ Սա էլ իր պատճառն ունի, քանի դեռ շարունակվում է ռուս-արևմտյան հակամարտությունը Ուկրաինայի տարածում, քանի դեռ ռուսական կողմի գլուխը խառն է, պետք է շտապել իրականացնել անգլիական սցենարը՝ ազատել  Հարավային Կովկասը ռուսական ներկայությունից։ Իսկ դրան ուղղված առաջին քայլը Արցախը  հայաթափելն է, ինչից հետո  անիմաստ կդառնա ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում։

Թուրք-ադրբեջանական տանդեմը օգտվում է աշխարհաքաղաքական իրավիճակից, որն այս պահն իր համար խիստ նպաստավոր է։ Ու հնարավորինս ավելին են ուզում պոկել  Հայաստանից՝ ընդհուպ մինչև հայոց պետականության ավարտը։

 Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենածանր  ու ամոթալի ժամանակները։  Այն ստոր, դավաճանական  քայլերը, որոնք  իրականացնում է  Փաշինյանը, ցավոք,  կլինեն անդարձելի ու անշրջելի հայ ժողովրդի համար։

Արմինե Սիմոնյան