Աննա Դանիբեկյանը «թույլատրեց» Արմեն Գևորգյանին մեկնել Ռուսաստան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-19-ը բացակայել երկրից:

Այդ օրերին նա լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մասնակցելու է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, նաև ունենալու է մի շարք հանդիպումներ։

Դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» ապացույցների հետազոտումը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած մի շարք ապացույցների մեջ տեղ են գտել ոչ հայերեն, լատինատառ բառեր, ինչն անընդունելի է համարվել պաշտպանների կողմից։

Խոսքը անգլերենով կազմված վճարային հանձնարարականների մասին է, որոնց թարգմանության համար դատարանը որոշել է անգլերենի թարգմանիչ ներգրավել։

Այդ հարցի քննարկումը կլինի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 13։00-ին։