Տղերք, վաղը հող չի մնալու, որ աթոռը դնեք ու իշխեք Հայոց աշխարհում

Տղերք, վաղը հող չի մնալու, որ աթոռը դնեք ու իշխեք Հայոց աշխարհում.
Այսօր մեր իրականության մեջ գործող ցանկացած քաղաքական գործիչ, որն ազնվորեն ցանկանում է ստեղծել կայուն և օրինական պետություն, դատապարտված է պայքարելու ոչ միայն մեր բացահայտ հակառակորդների (թշնամու) դեմ, որոնք, ակնառու լինելով հանդերձ, այդքան վտանգավոր չեն, որքան մեր շրջապատում, իշխանության հոտն առած և առաջնորդի շուրջը ժամանակավորապես լուռ հնազանդությամբ համախմբված «բորենիների» դեմ…
Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի… այդ խնդիրը առավել սրությամբ մեր ազգային յուրահատկությունների պատճառով միշտ ծառացել է մեր նախագահների, վարչապետների, զինվորական գործիչների, կուսակցական գործիչների առջև… այն առավել վառ դրսևորվեց վերջին իրադարձությունների ժամանակ, երբ իշխանության հոտն առնելով մարդիկ իրարից առաջ ընկնելով ձգտում էին երևալ նրանց աչքին, որը նրանց համար մարմնավորում էր իշխանությունը… Եվ քանի որ «բորենիները» ամեն ինչ անում են անհատականության, վեհության ոչնչացման համար, որպեսզի ոչ ոք չխանգարի նրանց քաղցը հագեցնելու անհագ գործընթացը, դա ինքնըստինքյան հանգեցնում է լրտեսական ամեն տեղ հասնող խոշոր ցանցի, միաժամանակ, հնարավորություն տալով «բորենիներին» ոտքից գլուխ խրվել անօրինական գործարքների մեջ:
Այո, չափազանց ծանր խաչ է ԱՌԱՋՆՈՐԴ լինել մի երկրում, որտեղ իշխանամոլությունը դարձել է ապրելակերպ, ինքնահաստատման և հաջողության միակ միջոցը ցանկացած բնագավառում… Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ միջակություններն են պաշտոններ ստանում (միշտ) և տնօրինում պետության և ժողովրդի ճակատագիրը:
Հ.Գ. «Աթոռի կռիվ մի արեք, տղերք, հողի կռիվ արեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք…» Սպարապետ՝ Վազգեն Սարգսյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից