Թուրքական ընկերությունը մտադիր է երեք «Բայրաքթար» ԱԹՍ փոխանցել Ուկրաինային

Թուրքական «Բայկար մակինա» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք «Բայրաքթար» ՏԲ-2 անօդաչու սարքեր (ԱԹՍ) անվճար նվիրել Ուկրաինային։

«Գործարարները և հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են փոքր և մեծ միջոցներ այս նպատակին հասնելու համար: «Բայկար» ընկերությունը չի ընդունի ՏԲ2 -ի վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ», – հղում անելով ընկերության «Թվիթերի» հրապարակմանը՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ երկիրն ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Հարցին, թե Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մասնավորապես «Բայրաքթար» ՏԲ-2 անօդաչու սարքերը, Դեմիրն ասել է, որ «ինչ-որ բան կատարվում է»։ Ուկրաինացի և թուրք պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել անօդաչու թռչող սարքերի հետագա առաքումները:

Ռուսաստանի Դաշնությունը նախկինում նոտա էր հղել բոլոր երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի օրինական թիրախ կդառնա։ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային Արևմուտքի զինումը չի ​​նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։