Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի ՊՆ-ը հայտնել է, որ Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Պակիստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ տեղի են ունեցել «Անատոլիական արծիվ 2022» միջազգային մարտավարական թռիչքային զորավարժությունները։

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ ադրբեջանցի օդաչուները Թուրքիայի ԶՈՒ ՌՕՈՒ զինծառայողների հետ թռիչքներ են իրականացրել։ Իսկ ադրբեջանական ռազմածովային ուժերում մարտավարական վարժանքներ են անցկացվել։

Ադրբեջանի ականազերծման գործակալության՝ ANAMA-ի նախագահ Վուգար Սուլեյմանովը նշել է, թե Արցախից գրավված տարածքներում ականազերծման գործընթացում օդային հետազոտությունների մասին պայմանագիր է կնքվել բրիտանական «Arpies NRC» ընկերության հետ։ Նրա խոսքով՝ ներկայումս հետազոտողները դրոնների և տարբեր սարքերի միջոցով ուսումնասիրում են տարածքը: Նա նաև հավելել է, թե Ադրբեջանի ANAMA-ն գնել է ականազերծման 18 մեքենա։

Զաքիր Հասանովը խոսել է ադրբեջանական բանակի՝ որպես թուրքական զինված ուժերի փոքր մոդելի, նոր որակական մակարդակի բարձրացման մասին՝ ընդգծելով, որ հիմնարար փոփոխություններ են կատարվել ադրբեջանական բանակի կազմակերպչական և կադրային կառուցվածքում, ստեղծվել են ցամաքային ուժեր և օպերատիվ ստորաբաժանումներ։

Հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ օրվա կապակցությամբ Բաքվի տարբեր շրջաններում, ինչպես նաև Շուշիում զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ երթեր են կազմակերպվել։ Նույն օրը Քարվաճառ կատարած այցելության ընթացքում Ալիևը մասնակցել է «Կոմանդո» նոր զորամասի բացմանը։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանը նոր պայմանագրեր է կնքել ամենաժամանակակից սպառազինությունների գնման համար, և այդ պայմանագրերն արդեն իրականացվում են։ Զաքիր Հասանովը և Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը Տաշքենդում Ադրբեջանի ու Ուզբեկստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել։

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է կիբեռտարածության անվտանգությանը։

Երկրորդ Արցախյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում դժգոհել են, որ չեն կարողանում հաշմանդամության նպաստներ ստանալ և որ, ընդհանուր առմամբ, իրենց իրավունքները խախտվում են։ Պատերազմից հետո ինքնասպան է եղել ավելի քան 30 մասնակից. վերջին այդպիսի ինքնասպանությունը եղել է հունիսի 16-ին։

 Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով։ Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ Ալիևը սպառնացել է ՀՀ-ին։ «Եթե Հայաստանը փորձի ժամանակ ձգել սահմանազատման հարցում, ապա կզղջա դրա համար»,- նշել է նա։

Սերգեյ Լավրովը հաստատել է Բաքվին և Երեւանին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվական ծառայություններ մատուցելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք աջակցել են Ադրբեջանին և կշարունակեն աջակցել։

 Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Իլհամ Ալիևը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում որպես նվեր դպրոց կառուցելու Ուզբեկստանի նախագահի որոշման համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանը շարունակում է Բերձորը շրջանցող 32 կմ-անոց ճանապարհի կառուցումը։ Նշվել է, թե այն հատվածներում, որտեղ պատրաստ է ճանապարհի հիմքը, սկսվել է ասֆալտբետոնե ծածկի փռումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե արագ տեմպերով շարունակվում է նոր արագընթաց Ահմեդբեյլի – Վարանդա (Ֆիզուլի) – Շուշի 81,6 կմ-անոց ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, որը մեծ մասամբ բաղկացած է վեց երթևեկելի գոտուց:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասեֆ Հաջիևը հայտարարել է, թե Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) կարող է մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Արցախից գրավված տարածքում գտնվող արդյունաբերական պարկում ստեղծվել է ռուս-ադրբեջանական համատեղ լոգիստիկ կենտրոն։

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը ՌԴ-ից 20,000 տոննա երկաթուղային ռելսեր է գնելու՝ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման համար։ Նա հավելել է, որ Արցախից գրավված տարածքներում գործում են տասնյակ ռուսական ընկերություններ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղի բնիկները պատրաստվում են վերադառնալ իրենց տներ։ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում կազմակերպվել է գործող քաղաքական կուսակցությունների նախագահների և մի խումբ քաղաքագետների այցը Ղարաբաղ։

Շաբաթվա վերջում Իլհամ Ալիևն այցելել է Քարվաճառի և Լաչինի շրջաններ։ Նա հետևել է Տողանալի-Քարվաճառ մայրուղու 13-րդ կմ-ում կառուցվող թունելի կառուցմանը, մասնակցել «Քելբաջար-1» նոր փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, ծանոթացել Լաչինի միջազգային օդանավակայանի շինարարությանը և Քարվաճառ քաղաքի գլխավոր հատակագծին։

Քարվաճառ կատարած այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահը դրել է «Օկուպացիայի և հաղթանակի թանգարանի», թվային կառավարման կենտրոնի, ջրի արտադրության գործարանի և Քարվաճառի «Իստիսու» առողջարանի հիմքերը։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Նախատեսվում է տրանսպորտի հարցերով Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան աշխատանքային պմբի ձևավորում։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի զարգացման կարևորությունը և հայտարարել, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպմանը լիակատար աջակցություն է արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանն ու Ուզբեկստանը Տաշքենդում բարձր մակարդակով բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի փաթեթ են ստորագրել՝ ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

ԵՄ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարումների ավելացման շուրջ բանակցությունները հասել են ավարտին։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը նշել է, թե Գերմանիան մտադիր է քննարկել Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարումների հարցը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Interconnector Greece-Bulgaria» (IGB) խողովակաշարի օպերատորը սկսել է ադրբեջանական գազի փորձնական մատակարարումը Հունաստանից Բուլղարիա։ IGB-ի գործարկումից հետո սկզբնական շրջանում Բուլղարիային կմատակարարվի տարեկան 1 միլիարդ խմ գազ տարեկան 3 միլիարդ խմ գազի նախագծային հզորության հետագա աճով:

 Այլ թեմաներ

Անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիա է ուղարկվել Ադրբեջանի ԱԻՆ BE-200ÇS երկկենցաղ ինքնաթիռ։ Նշենք, որ հունիսի 21-ին Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։

Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Իրանը չի ընդունում սիոնիստների հետ Ադրբեջանի մտերմությունը: