Իրանը շուտով 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի

Առաջիկայում Իրանը 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի։ Այս մասին հայտարարել է իրանական բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին։ Գրում է ISNA-ն:

«Մոտ ապագայում Իրանի ՀՕՊ-ը 300 կմ հեռահարությամբ հրթիռներ կներկայացնի։ Պատժամիջոցներն ու սպառնալիքները հաղթահարելու միակ ուղին բոլոր ոլորտների ուժեղացումն է, հատկապես՝ ռազմական ոլորտի», – մեջբերում է Էլհամին պարբերականը։

Նա նաև հավելել է, որ զարգացումը հակաօդային պաշտպանության ոլորտում սեփական ուժերի նկատմամբ հավատի ու ինքնավստահության նշանն է, և ընդգծել, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում Իրանը չպետք է կախված լինի այլ երկրներից։