Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում

Վաղը՝ հունիսի 25-ին, հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։

Yerevan.Today-ը  դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։

Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին համահայկական հանգանակությամբ ստացված գումարներից 107 մլն դոլար փոխանցվել է ՀՀ պետական բյուջե և, ինչպես ՀՀ կառավարության ղեկավարը հայտնեց, դարձել է սովորական ծախս՝ աշխատավարձ, պարգևատրում և այլն։ Որոշումը կայացվել էր առանց հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների, այդ թվում՝ ՀՀ և ԱՀ նախկին նախագահների մասնակցության, ավելին՝ մասնակցության հրավեր նրանց չէր ուղարկվել։

Հիմնադրամի խորհրդի կազմից միայն Ռոբերտ Քոչարյանն էր, որ հարց էր բարձրացրել և պահանջել հիմնավորել, թե ինչ հիմքով են գումարը դուրս գրել: Այդ մասին նաև  տեսանյութ տարածվեց համացանցում: