Մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հաշվառված՝ բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց ցուցակը: Որոշմամբ նախատեսվել է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ցուցակում ընդգրկված 163 շահառուներին նվիրաբերել անհատույց օգտագործման պայմանագրով նրանց տրամադրված բնակարանները։

2003-2010թթ. ընթացքում շահառուների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերով շահառուները պարտավորվել են մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչև 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը: Ընդ որում, շահառուի կողմից 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ծառայում է զինված ուժերում, գտնվում է ազատազրկման վայրերում, կամ բացակայում է բնակության վայրից բուժման կամ կրթական նպատակներով:

Մինչդեռ պարզվել է, որ ցուցակում ներառված շահառուններից 1-ը մահացել է դեռևս 2018թ.՝ որոշումն ընդունելուց շուրջ 1 տարի 8 ամիս առաջ: 27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա:

Ընդ որում, 27 շահառու նախորդ 3 տարվա ընթացում անընդմեջ անշարժ գույքի գտնվելու հասցեով էլեկտրաէներգիա չի ծախսել, որոնցից 3-ը ՀՀ-ում չի բնակվել, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք:

Սոցիալապես անապահով և հատուկ խնդիրներին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակումը, իրականացումն ու համակարգումը, ինչպես նաև դրանց իրականացման ընթացիկ մոնիթորինգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գործառույթներից է:

Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, տևական ժամանակ՝ 2015թ. ՀՀ-ից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չեն լուծվել: Փոխարենը 2020թ. օգոստոսին այդ անձինք ներառվել են համապատասխան ցուցակում, որի արդյունքում նորմատիվ իրավական ակտի ուժով նրանց տրվել է բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն, ինչի իրավունք վերջիններս չունեին։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: