Ուկրաինայում կարծում են, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը վտանգավոր են, իսկ թուրքական անօդաչուները՝ անօգուտ. Foreign Policy

Ուկրաինացի օդաչուները կարծում են, որ ամերիկյան MQ-1C Gray Eagle հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վտանգավոր է, իսկ թուրքական Բայրաքթար ՏԲ-2-ը գործնականում անօգուտ է, հայտնում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ ամսագրի, որը հղում է անում պաշտոնյաներին, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, առաջնագծում գտնվող օդաչուների և շտաբի պետի միջև տարաձայնություն կա անօդաչու սարքերի օգտագործման շուրջ: Ե՛վ ուկրաինացի, և՛ ամերիկացի պաշտոնյաների անհանգստություններն ավելանում են, որ Ռուսաստանի ՀՕՊ-ի առաջադեմ համակարգերը կարող են կործանել «Մոխրագույն Արծիվը» (Gray Eagle): Օդաչուները նաև կասկածում են, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կարող են «գոյատևել» մեկ-երկու առաքելությունից ավելի:

«Մեր դեպքում շատ վտանգավոր է նման թանկարժեք անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հակառակորդի հակաօդային պաշտպանության պատճառով։ Սա Աֆղանստանը չէ», – հրապարակումը  մեջբերում է ուկրաինացի օդաչուներից մեկի խոսքերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։