ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել․ Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեությանը և հեռանկարներին։

Զախարովայի խոսքով, եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։ Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, Զախարովան նշել է. «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել, ինչը, ըստ նրա, «անպատասխանատու քայլ է»։

«Չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները։ Հաշվարկն այնպես էր կատարվել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվել են իրենց հայեցակարգում և իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Այն դեպքում, երբ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միան Եվրատլանտիկայով»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Նա հավաստիացրել է, որ Մոսկվան կանի հնարավորը՝ պարտավորությունների և այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում։