ԱՄՆ-ը զգուշանում է Կենտրոնական Ամերիկայում ռուսական զորքերի հայտնվելուց

Կենտրոնական Ամերիկայում ռուսական զորքերը կարող են օրինակ ծառայել ԱՄՆ-ի ոչ բարեկամ այլ երկրների համար, Fox Business-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակից Քեթլին Մաքֆարլանդը։

«Կարծում եմ, որ սա ավելի շատ Նիկարագուայի և Հարավային Ամերիկայի, քան Ռուսաստանի մասին է… Այս պատմությունը ցույց է տալիս, որ Հարավային Ամերիկայում կա երկիր, որը պատրաստ է թույլ տալ օտարերկրյա զորքերին մարզվել իր տարածքում: Իսկ Չինաստա՞նը, Իրա՞նը, մյուս երկրնե՞րը, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի համար», – ասել է նա:

Մաքֆարլանդը հավելել է, որ ամերիկյան իշխանություններն իրենք են թույլ տվել տարածաշրջանում նման իրավիճակ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին տասը տարի առաջ ասել էր, որ Մոնրոյի դոկտրինն այլևս չի գործում։

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան թույլատրել է մարդասիրական նպատակներով երկրում օտարերկրյա զինվորականների ժամանակավոր ներկայությունը։ Վենեսուելայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեքսիկայի, Սալվադորի և ԱՄՆ-ի հետ նման թույլտվություն է ստացել նաև Ռուսաստանը։ Այս թույլտվությունը վերաբերում է ցամաքային զորքերին, նավերին և ինքնաթիռներին: