ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները հանդիպել են Մարդու իրավունքի հանձնակատարի գրասենյակի ղեկավարների հետ

ԵԽԽՎ լիագումար նիստին ներկա գտնվող Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հանդիպել են Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ջյանկարլո Կարդինալեի և Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի բաժնի ղեկավար Քլաուդիա Լեմի հետ:

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումները, ժողովրդավարական հետընթացի օրինակները, ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանական բռնաճնշումների, հունիսի 3-ին խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող անձանց նկատմամբ հատուկ միջոցների կիրառության փաստերը, դատարանների նկատմամբ գործադրվող բիրտ ճնշումների դեպքերը:

Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական ինստիտուտների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների՝ Հայաստան այցելությունների ժամանակ ընդդիմության հետ հանդիպումների կարևորությանը:

Նշվել է, որ երբեմն եվրոպացի պաշտոնյաները Հայաստան այցելելիս չեն հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչը նպաստում է եվրոպական կառույցների կամ լռությանը, կամ ոչ պատշաճ արձագանքին Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ: