Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ-ի անդամ երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին և ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների կիրառումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել արտաքին առևտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը մեր և այն երկրների միջև, որոնք որպես հուսալի գործընկերներ են ներկայացել»,- ասել է Միշուստինը երեքշաբթի Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

ՌԴ վարչապետը նաև հայտարարել է գերակա բարձրտեխնոլոգիական ճյուղերում ներմուծման նվազեցման ոլորտում կոոպերացիան խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է նվազեցնենք կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, գործարկենք սեփական համատեղ ինովացիոն նախագծեր՝ պահանջված արտադրանքի թողարկման համար»,- ընդգծել է Միշուստինը։