Նիկոլը մեր թշնամուն թուլության, վախի, մեզ վրա հարձակվելու ազդանշաններ է ուղարկում, թշնամին դրանք ճիշտ գնահատելով, հարձակվում ու դեռ հարձակվելու է

Ալիևի պատասխանը Նիկոլի «Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար» հայտարարությանը

 

Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 18-ին հերթական անգամ ադրբեջանավարի են պատասխանել Նիկոլի ու նիկոլենց «խաղաղության օրակարգին», որն իրականում Հայաստանի իշխանությունը զավթածների կողմից առաջ մղվող Հայաստանի թուլության, զիջողության, և իրենց պետական դավաճանության օրակարգն է: Սա էր Ալիևի պատասխանը Նիկոլի հայտարարությանը, թե «խաղաղության օրակարգն» այլընտրանք չունի:

Նիկոլի ու նիկոլենց թողտվությամբ դեռ 2021 թվականից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած, դիրքավորված, ամրապնդված Ադրբեջանի զինուժը շաբաթ օրը կրակել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող, ավելի որոշակի` Վարդենիսի դիրքերից մեկի ուղղությամբ, սպանել մեր ժամկետային զինծառայողներից Հրաչ Փիլիպոսյանին:

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Հրաչի մահը վրա է հասել դիրքերից իջեցնելու ճանապարհին, հոսպիտալ տանել չեն հասցրել: Այո, դարձյալ զոհ ունենք, դարձյալ սահմանին սպանված հայի ու նրա մերձավորների ընտանիքներում ողբերգություն է, մեր ցավակցությունը նրանց բոլորին:

Հիշո՞ւմ եք մեր ժողովրդի գիտակցության մեջ տևական ժամանակ ինչ էին մտցնում Լևոնի քաղաքական հետնորդները` սորոսական, ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ ստահակները (խոսքն, անշուշտ, կուսակցության բոլոր անդամների մասին չէ): Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք ընդհանրական ու հակիրճ ձևակերպմամբ` տանք Արցախը ու կպրծնենք սահմանին կրակոցներից, զոհերից, այնտեղ են մեր տղաներին կոտորում:

Նիկոլի ու նիկոլենց պետական դավաճանության, պարտվողական պատերազմի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ (տարածքի շուրջ երեք քառորդը) տրվեց թշնամուն, կրակոցները դադարեցի՞ն, էլ զոհեր չունե՞նք… Վարդենիսն Արցախի՞ տարածքում է գտնվում, թե Հայաստանի…

Եթե Արցախի` հայերիս մնացած մոտ մեկ քառորդն էլ զոհաբերենք, մատաղ անենք Ադրբեջանին, միևնույն է, հետո Սյունիքն են ուզելու, Սյունիքից հետո էլ Երևանը: Դա հասկանալու համար բավական է միայն Ալիևի համապատասխան ելույթները լսել ու գրառումները կարդալ Քառասունչորսօրյա պատերազմից առաջ ու հետո: Ու տխմար պետք է լինել այս ամենը և թշնամու` գայլի ագահությունը չհասկանալու համար, չհասկանալու համար, թե ինչ է թուրք- ադրբեջանական տանդեմի պանթուրքական ծրագիրը:

Նիկոլն ու նիկոլենք տխմար չեն, վերոնշյալը հրաշալի գիտակցում, հասկանում են, բայց «խաղաղության օրակարգից» են խոսում և այն առաջ մղում, որովհետև, հավանաբար, ինչ-որ խոստումներ են տվել Ալիևին և Արևմուտքում ոմանց, համենայն դեպս, դրսից դա են իրենցից պահանջում, ավելին` դա իրենց անձնապես ձեռնտու, շահեկան է… Կարճ ասած, մենք գործ ունենք պատերազմից հետո էլ շարունակվող պետական դավաճանության ու դրա հանցափորձերի հետ:

Նիկոլի ու նիկոլենց պետական դավաճանության արդյունքում մենք Արցախ այլևս զինվորներ չենք ուղարկում, Արցախի պաշտպանությունը թողել ենք իրենց սակավաթիվ ուժերին, այս առումով մեր ներքին և արտաքին թշնամիների երազանքն իրականացել է: Եթե առաջ ոմանք փողով, ազդեցիկ ծանոթով, միջնորդով իրենց զավակներին ազատում, ոմանք էլ փորձում էին ազատել Արցախում ծառայելուց, ապա հիմա նույնը կատարվում է Վարդենիսի, Սյունիքի, թերևս նաև Տավուշի պարագայում, ձգտում են, որ իրենց զավակները ծառայեն Գյումրիում, Վանաձորում, Երևանում… Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, թե ոմանք դա կհասկանան միայն այն դեպքում, երբ թշնամին արդեն Երևանի մատույցներում կլինի, կամ այդ դեպքում գուցե չեն էլ հասցնի հասկանալ:

Չկա Արցախ` չկա Սյունիք, չկա Սյունիք` չկա Հայաստան. Սա աքսիոմա է, որը պետք է սեպեն իրենց գիտակցության մեջ բոլորը, ովքեր դա դեռ չեն արել: Ու մի էլ. Ալիևը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց բնույթով, վարքով ոչ թե մարդ են, այլ նման են բորենու, հասկանում են միայն ուժի լեզուն, ցանկացած զիջողություն համարում են թուլության նշան, իսկ թուլությունը, նահանջը նրանց համար ուղղակի ազդանշան է հարձակվելու, հետապնդելու, հոշոտելու:

Անգամ մարդու վրա հարձակվող շունը կամ նույնիսկ շների ոհմակը, եթե տեսնում է, որ մարդը չի փախչում, զգում է, ոչ չի վախենում իրենից, որոշ հեռավորության վրա կանգնում է, հարձակումը չի շարունակում, հաչում- հաչում, հեռանում է, բայց վայ այն մարդուն, որն իր վրա հարձակվող շնից կամ շների ոհմակից վախեցավ, թիկունք դարձրեց ու փախավ:

Նիկոլն ու նիկոլենք վերոնշյալ բացահայտ, անվերապահ ճշմարտությունները չեն կարող չիմանալ, չհասկանալ, բայց իրենց «խաղաղության օրակարգով», զիջողությամբ, պարտվողական քաղաքականությամբ Ալիևին և Ադրբեջանին շարունակաբար թուլության, վախի, մեր վրա հարձակվելու ազդանշաններ են ուղարկում, թշնամին էլ դրանք թե բնազդորեն, թե գիտակցաբար ճիշտ գնահատելով, հարձակվում ու դեռ հարձակվելու է:

Բա ի՞նչ պետք էր սպասել, երբ Հայաստանի ռազմաոստիկանական բռնապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Հայաստանից զիջողության, թուլության, հետևաբար և մեր վրա հարձակվելու հերթական ազդանշանն է ուղարկում թշնամուն` հայտարարելով. «Մենք ադրբեջանցիներին ասում ենք, եկեք ժամանակավորապես օգտագործեք Վայոց Ձորի ճանապարհը»: Քիչ է մնում նույնի վերաբերյալ Ալիևին հատուկ խնդրագիր էլ ուղարկի:

Թող Խաչատուրյանը շատ չանհանգստանա, եթե ժողովուրդը մինչ այդ իրենց իշխանությունից չհեռացրեց, ադրբեջանցիները կգան, ժամանակավորապեսն էլ մշտապես կդառնա, ոչ միայն Վայոց Ձորի, այլև Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի ճանապարհներն էլ կօգտագործեն, ու ոչ միայն ճանապարհները… Նիկոլի «խաղաղության» օրակարգն իրականում թշնամուն հարձակվելու, կրակելու, մի օր էլ պատերազմ սանձազերծելու հրավերներ ուղարկելու օրակարգ է:

Հրաչ Փիլիպոսյանի սպանությունից կարճ ժամանակ առաջ, հունիսի 17-ին հյուսիսարևելյան սահմանագոտի է այցելել, հեռադիտակով զորավարժության ընթացքը ձևականորեն զննել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող, զորավարժությունից, պաշտպանությունից, ռազմական գործից բան չհասկացող Սուրեն Պապիկյանը: Նպատակը, ամենայն հավանականությամբ, էժանագին ֆոտոսեսիա անելն է եղել (ինչպես Սու- 30ՍՄ կործանչի խցիկում Նիկոլի լուսանկարվելը), թե, տեսեք, բանակից կտրված չեմ, զբաղված եմ Հայաստանի պաշտպանությամբ: Տեսանք…

Ավելի քան խայտառակություն է, բայց «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» իր պաշտոնական կայքում  Հրաչ Փիլիպոսյանի սպանությունից 2 օր հետո էլ, հունիսի 20-ի ժամը նույնիսկ 22:28-ի դրությամբ բառ անգամ չի հրապարակել վերոնշյալ դեպքի առնչությամբ: Չի անդրադարձել նաև մամուլի այն հրապարակումներին, որ կա նաև վիրավոր, որ թշնամին ԱԹՍ է կիրառել, հունիսի 18-ի ուշ երեկոյան դիվերսիա է կատարել, լույս 19-ի գիշերը հյուսիսարևելյան սահմանագոտում ակտիվ է եղել, մարտական գործողությունները մոտ 2 ժամ են տևել: Հիշյալ «կանտորան» նույնիսկ մի կարճ ցավակցություն չի հայտնել Փիլիպոսյանի ընտանիքի անդամներին:

Նիկոլն ու նրա իշխանությունն աղետ ու չարիք են Հայաստանի, Արցախի, ողջ հայ ազգի համար, ու քանի դեռ նրանք իշխանությունից չեն հեռացվել, մենք երաշխավորված կերպով գնում ենք դեպի կործանում:

 

Արթուր Հովհաննիսյան