ԻՔՄ–ն հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդորում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է:

Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն և մենք հետամուտ ենք լինելու գործի պատշաճ քննությանը:

Հ.Գ. Առանձին քննարկման առարկա է այն, որ ԲԴԽ ղեկավարն ասում է, որ Վանեցյանի կամ Ղազինյանի իշխանության գալու դեպքում նա կանցնի իրենց կողմը: Այսինքն, Ջհանգիրյանի պատկերացմամբ դատական իշխանությունը պետք է լինի ինչ որ մեկի կողմու՞մ»,- գրել է նա: