Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում դեմ արտահայտվեցին ատելության խոսքը դատապարտող զեկույցին՝ համարելով այն գրաքննություն
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստը։ Այս նստաշրջանի օրակարգում ուղղակիորեն Հայաստանին վերաբերող թեմա ընդգրկված չէ։ Սակայն Վեհաժողովը կանցկացնի «Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերականգնման շարունակական անհրաժեշտությունը» թեմայով, Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի հետ կապված հումանիտար հետևանքներին, ինչպես նաև ՌԴ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկում։
Նստաշրջանի մեկնարկին քննարկման դրվեց նաև «Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և ռեվիզիոնիզմի սպառնալիքը եվրոպական կայունության համար» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին առաջարկը։
Սակայն վեհաժողովը չընդունեց այս առաջարկը։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը լիագումար նիստի ընթացքում բարձրացրեց հայ ռազմագերիների վերադարձի հարցն ու հայտարարեց․ «Համարյա երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով Ադրբեջանը հանձնառություն է ստանձնել վերադարձնել հայ ռազմագերիներին, ազատազրկված անձանց։ Բայց մինչև այժմ ընդամենը 38 ռազմագերիներ են հաստատվել Ադրբեջանի կողմից, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և օգտագործում է նրանց որպես պատանդների՝ նրանց վերաբերվելով որպես սակարկության առարկա՝ հետագա քաղաքական շահեր ստանալու համար: Հայ ռազմագերիներից շատերը կեղծ և արագ քրեական դատավարություններ են անցել շինծու մեղադրանքներով: Այս մարդկանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը և մարդու իրավունքների զանգվածային խախտումները փաստագրվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչը նույնպես անդրադարձել է խնդրին և մտահոգություն հայտնել իր հուշագրում»։
Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակներին հորդորեց միավորել բոլոր ջանքերը և լուծել հրատապ հումանիտար խնդիրները հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։
Նա փաստեց՝ սա քաղաքական հարց չէ, այլ հումանիտար ու վստահեցրեց հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, քանի որ նրանք ամեն օր սպանվելու վտանգի տակ են. «Ես խնդիր չունեմ ադրբեջանական պատվիրակության հետ. ես խնդիր ունեմ այն բանի հետ, որ առնվազն 38 մարդ պատանդ է պահվում մի երկրում, որն ինստիտուցիոնալ կերպով ատում է նրանց։ Սրա հետ կապված բոլորը պետք է խնդիր ունենան։ Հուսով եմ, որ դուք ևս խնդիր կունենաք այս հարցում»։ Վեհաժողովի նստաշրջանի առաջին օրվա երկրորդ հատվածում լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Քաղաքական կուսակցությունների դերը բազմազանության և ներառականության խթանման գործում. նոր կանոնադրություն ոչ ռասիստական հասարակության համար» թեմայով զեկույցը, որի ընդունումը, թեև պատվիրակությունների մեծամասնությունը ողջունեց, սակայն այն ադրբեջանցի պատվիրակների սրտով չէր։
Զեկույցում նշվում է․ «Ռասիզմը լայնորեն տարածված է և խորապես արմատավորված Եվրոպայում մշակութային և պատմական պատճառներով: Ատելության խոսքը տարածված է և թափանցում է հանրային հաղորդակցություն, ներառյալ քաղաքական դիսկուրսը, հատկապես առցանց»։ Զեկույցում մեծ պատասխանատվություն է դրվում քաղաքական կուսակցությունների վրա ատելության խոսքի դեմ պայքարի հարցում և նրանց պատասխանատվության կանչելու մեխանիզմներ սահմանվում․ «Քաղաքական կուսակցությունները լավագույնս տեղավորվում են ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարին նպաստելու և ներառական հասարակությանը խթանելու համար: Դրանք մեծապես նպաստում են քաղաքական խոսույթի ձևավորմանը։ Նրանք ընտրովի մարմինների հիմնական դարպասապահներն են և ունեն լայն ինքնավարություն՝ կարգավորելու իրենց ներքին գործունեությունը»։
Ամբողջական հոդվածը՝ aravot. am-ում