Ավտովթար՝ Արարատում, պայմանագրային զինծառայող վարորդը տեղում մահացել է, կինն ու 2 անաչափահաս երեխաները՝ հոսպիտալացվել

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող ու դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ  խումբը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքը նաև հայտնում է, որ կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե արգելապատնեշները։