Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում դիպուկահարների մարտական հմտությունները բարելավելու նպատակով ադրբեջանական բանակում վարժանքներ են անցկացվել, իսկ տանկային ստորաբաժանումները տանկերը վարելու և կրակային տարբեր վարժանքներ են իրականացրել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուներն ու ավիացիոն միջոցները մասնակցում են Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում տեղի ունենալիք «Anatolian Eagle-2022» միջազգային մարտավարական թռիչքային զորավարժություններին։

Նշվել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գրոհային ինքնաթիռները համալրված են «Թալիսման» օդանավի պաշտպանական համալիրով, որոնք էլեկտրոնային պատերազմի միջոց են՝ նախատեսված «օդ-օդ» և «երկիր-օդ» հրթիռներից մարտական ինքնաթիռների անհատական պաշտպանության համար։

Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Անվար Էֆենդիևը հայտարարել է, թե Անկարան ու Բաքուն այս տարվա ընթացքում նախատեսել են ավելի քան 20 համատեղ զորավարժություն, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում։ Ըստ նրա՝ զորավարժություններից մի քանիսն արդեն անցկացվել են։

Զաքիր Հասանովը և Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են Քարվաճառի և Լաչինի շրջանների տարածքում տեղակայված մարտական դիրքերում ծառայող անձնակազմի հետ, ստուգել կառուցվող ռազական օբյեկտները։ Հասանովը կարգադրել է բարձրացնել զորքերի մարտունակությունը։

Ադրբեջանի ԶՈւ-ում 2 սպայի ինքնասպանության դեպք է գրանցվել։ Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի բանակում զինծառայողների շրջանում շատացել են ինքնասպանությունների դեպքերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե ադրբեջանական արտադրության 82 մմ 20N5 ականանետեր են նկատվել ուկրաինական բանակի սպառազինությունների մեջ։

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Իլհամ Ալիևը Բաքվում «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով IX Գլոբալ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, թե բանակցությունները կսկսվեն, երբ Հայաստանը խաղաղության պայմանագրի հանձնաժողով ձևավորի։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին:

Ալիևը, օգտագործելով կեղծ փաստարկներ, տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ «Եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել»,- ասել է նա։

Մամուլում որոշ մանրամասներ են հայտնվել հայ-ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից։ Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմեթովը հայտարարել է, թե շարունակվում է Հորադիզ-Աղբենդ ավտոմայրուղու (աշխատանքի 35%-ը) և երկաթուղու (աշխատանքի 50%-ը) շինարարությունը։ Ըստ փոխնախարարի՝ երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թ-ի վերջին։

Շուշիում «Թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողով է տեղի ունեցել նվիրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրման առաջին տարելիցին։ Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից։

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների անդամներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև երկու երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչներ։ Անցկացվել են պանելային քննարկումներ «Շուշիի հռչակագրից» բխող հարցերի շուրջ։

Մևլութ Չավուշօղլուն «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարեդարձի կապակցությամբ Twitter-ում գրել է, թե ամրապնդվում է իրենց դաշինքը Ադրբեջանի հետ։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իլհամ Ալիևին է նվիրել Ստամբուլը նվաճած սուլթան Մեհմեդի սրի կրկնօրինակը՝ որպես «Ղարաբաղն ազատագրող»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովում ունեցած իր ելույթում հորդորել է ՀՀ-ին այլևս չբարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Նա նշել է, թե «Մինսկի խմբի թոշակի գնալու ժամանակն է»։

Ադրբեջանի իշխանությունները Շուշի են ուղարկել օտարերկրյա դիվանագետների հերթական խմբին։ Ուղեւորությանը մասնակցել են 14 օտարերկրյա դիվանագետներ՝ Ալբանիայից, Բուրունդիից, Չադից, Գաբոնից, Ղազախստանից, Հունգարիայից, Մարոկկոյից, Ռումինիայից, Պարագվայից, Շրի Լանկայից եւ Կոնգոյից։ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մահիր Մամեդովը հայտարարել է, թե սեպտեմբերի 21-24-ը Շուշիում կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ իրենց կառավարությունն այս տարի ևս 470 մլն մանաթ (276,5 մլն դոլար) կտրամադրի Ղարաբաղի վերականգնումը ֆինանսավորելու համար։ 2022 թ-ի պետբյուջեում այդ նպատակների համար ծախսերը նախատեսված են եղել 2,2 մլրդ մանաթի (1,3 մլրդ դոլար) մակարդակում։

Հունիսի 16-ին Բաքվում մեկնարկել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված «Անատոլիայից Ղարաբաղ» խորագիրը կրող մեդիա ֆորումը։ Ֆորումի շրջանակներում անցկացվել է 2 քննարկում՝ «Ադրբեջան-Թուրքիա մեդիայի դերը Ղարաբաղի հաղթանակում» և «Թյուրքական աշխարհի մեդիա համագործակցության փնտրտուքները» խորագրերով։

Կովսականի (Զանգելանի) շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը հայտարարել է, թե Կովսականի միջազգային օդանավակայանի շինարարությունը կավարտվի այս տարվա սեպտեմբերին։ Իսկ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը նշել է, թե Ղարաբաղում կառուցվում է չորս դպրոց՝ 2764 աշակերտի համար։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքական պետությունների կազմակերպության խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է, թե պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Նրա խոսքով՝ միջանցքը մեծ նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև կապերի առավել արդյունավետ վերականգնման, առևտրային կապերի զարգացման համար»։

Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Էֆքան Ալան հաստատել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմն ավելի է ուժեղացրել Ադրբեջանի նշանակությունը էներգետիկ ոլորտում։

Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն Ադրբեջանի հետ քննարկում է գազի մատակարարման հարցը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական գազի արժեքի հարցը դեռ համաձայնեցված չէ։

Բուլղարական BNR ռադիոկայանը հայտնել է, թե Հունաստան-Բուլղարիա (IGB) խողովակաշարով ադրբեջանական գազի առաջին խմբաքանակը հասել է Բուլղարիա, ապա հավելել, որ հումքի փորձնական ծավալը նախատեսվում է ներկրել մինչև հունիսի վերջ: Գազատարի նախնական ներուժը կազմում է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր՝ մինչև 5 միլիարդի ընդլայնվելու հնարավորությամբ:

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողներին ասել է, թե առաջարկում է Մինսկի ձևաչափը Թբիլիսյանով փոխարինել։

Այլ թեմաներ

Բաքվում հունիսի 17-ին քաղբանտարկյալների ընտանիքների անդամները բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները: