Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող օրենսգրքով Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան

Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածը հակասահմանադրական է, որովհետև Սահմանադրությամբ չի հետապնդվում որևէ նպատակ, որը կապված է հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին մամուլի ասուլի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենք այս հարցում կատարել են խոր ուսումնասիրություն և դատախազությանը հորդորել են այս հարցով դիմել ՍԴ: Դատախազությունից ստացել են մեկ նախադասություն պարոնակող պատասխան. «ՍԴ դիմելու հիմքեր առկա չեն»:

Իրենք դիմել են նաև ՄԻՊ-ին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման է ենթարկվում Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ: «Այսինքն ստացվում է, որ ունենալու ենք մի իրավիճակ, երբ 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է: Նման պայմաններում վարութն իրականացնող մարմնի կողմից  ներկայացվեց կալանավորման միջնորդություն: Բայց դա խոչընդոտ չհանդիսացավ, որ քննիչի միջնորդությունը բավարարվի: Մեր կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, որը մակագրվեց դատավոր Արմեն Դանիելյանին: Չնայած բավականին ծավալուն քննարկում իրականացվեց, այնուամենայնիվ պարոն Դանիելյանի որոշման ևս բավարար արձագանք չկար մի շարք հանգամանքների, օրինակ՝ հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր կողմից առաջ քաշած թեզին, որ քրեական գործում այդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է»,-ասաց նա: