Այս իշխանության հեռացումից հետո մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժեքներին հավատարմությունը՝ միասին կառուցելով որակապես նոր պետություն․ Աննա Գրիգորյան

«Դիմադրություն» շարժման առաջամարտիկն ու առանցքը երիտասարդներն են, նրանք չնահանջեցին հանուն հայկական պետականության պահպանման այս պայքարից։ Այս երիտասարդները ժամանակակից, բայց և ազգայինն իրենց մեջ կրողն են։ Ֆրանսիայի հրապարակում կանգնած երիտասարդները և՛ առաջնագծում, և՛ հրապարակում ապացուցել են, որ տեր ենք մեր Հայրենիքին, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս իշխանության հեռացումից հետո մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժեքներին հավատարմությունը՝ միասին կառուցելով որակապես նոր պետություն, որի հիմքում լինելու է բարձրորակ, ժամանակակից և ազգային հենքով կրթությունը։ Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք։

Գիտության ոլորտում պետք է մշակել ռազմավարություն՝ ելնելով պետության զարգացման և անվտանգության ապահովման կարիքներից։ Պետք է մշակվեն հստակ ծրագրեր, որոնց իրականացման համար աստիճանաբար հատկացվի պետական բյուջեի առնվազն 4 տոկոսը։ Օրվա հրամայականն է նաև երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելը։

Կարևոր է նաև, որ ապաքաղաքականացվեն համալսարանները։

Դիմում եմ այն երիտասարադներին, ովքեր չեն եկել Ֆրանսիայի հրապարակ։ Մեր եղբայրներն ու ընկերները չեն ընկել հանուն ոչնչի, մենք պարտք ունենք նրանց առաջ։ Մենք պարտավոր ենք միասին անվտանգ ու ժամանակակից երկիր կառուցել»,- ասաց պատգամավորը։