Լին Թրեյսին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման պաշտոնական հրավեր է փոխանցել Արթուր Վանեցյանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱԺ «Պատիվ ունեմ‎» խմբակցության ղեկավար, «‎Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին փոխանցել է ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Այս մասին «‎Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք‎» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանն ընդունել է հանդիպման առաջարկը՝ այն հնարավորության պայմաններում, որ հանդիպումը կլինի ընդդիմադիր պատգամավորների հետ::

Լին Թրեյսիի և Արթուր Վանեցյանի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանի կողմից բարձրացվել են Արցախի և Հայաստանի անվտանգությանն սպառնացող վտանգները։

«Այն մտահոգությունները, որոնք պարոն Վանեցյանը մշտապես հնչեցնում է հրապարակային՝ կապված Հայաստանի անվտանգության ապահովման և Արցախի շուրջ, ներկայացրել է նաեւ ԱՄՆ դեսպանին։ Եւս մեկ անգամ նշվել է, որ Արցախի Հանրապետությունում ապրող ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, հիմնախնդիրը հնարավոր է լուծել բացառապես ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառմամբ, ինչպես ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ընդունված սկզբունքնեի ներքո», – փոխանցեց Հակոբյանը։

Հարցին՝ ինչպես է արձագանքել Լին Թրեյսին՝ Հակոբյանը պատասխանեց՝ նշելով, որ հանդիպումն անցել է գործընկերային մթնոլորտում: