Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր պարտավորությունները, և սա պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի կողմից․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել ուշադիր հետևել Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այս մասին նախարարը հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո։

«Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020-ին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին: Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից:

Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,- ասել է Միրզոյանը։

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից, հիշեցրել է նա։

«Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են  նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը:

Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- նշել է Միրզոյանը: