Նիկոլը նորից ստում է, իր մեղքերը բարդում նախկինների վրա ու երկիրը տանում նոր կորուստների

Օրերս Փաշինյանը խորհրդարանում հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, թե. «Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է պատկերացնել»: Ու հետո հավելեց, թե. «Մեզ ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:

Ի՞նչ է ստացվում. պատերազմից հետո միջազգային տարբեր հարթակներից «խաղաղության դարաշրջան բացելու» մասին հայտարարություն անողը, 2021-ի ընտրություններում այն որպես հայկական օրակարգ դրոշակ դարձրած Փաշինյանն այսօր արդեն հետքայլ է անում, ասելով, թե, բա գիտեք` խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում էլ մենք խաղաղություն չենք ունենալու: Իլյուզիաներով տառապողը որոշել է խոսել իլյուզիաներ չունենալու մասին:

Այս անգամ էլ ձեռքի հետ շեշետեց, թե «խաղաղության դարաշրջան բացելու» օրակարգը վտանգներով, կորուստներով, աղետներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, բայց «մենք ունեք կամք այդ ճանապարհով գնալու»: Ցանկացած դատող մարդու մեջ հարց կառաջանա, որ եթե «խաղաղության օրակարգ» ասվածը փուչիկ է, անհույս և խիստ վտանգավոր Հայաստանի համար, այդ դեպքում ինչո՞ւ ես շարունակում Հայաստանն ու հայ ժողովրդին տանել այդ աղետալի ճանապարհով, ինչու ես կերակրում խաղաղության մասին սին ու դատարկ հույսերով:

Ո՞վ է տվել փաշինյանական ռեժիմին հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք: ՔՊ-ականներն անդադար խոսում են ժողովրդից ստացած մանդատի մասին, ոչ մի խոսք չասելով այն մասին, որ մանդատ ստանալիս իրենք խաբել են ժողովրդին, իրենց նախընտրական ծրագերում չկա Արցախը Ադրբեջանին թողնելու, Հայաստանի տարածքները թշնամուն զիջելու մասին որևէ խոսք, արձանագրված է ճիշտ հակառակը: Իսկ այսօր ԱԺ ամբիոնը գրկած, կամ Եվրոպայից եկած պատվիրակների մոտ ճամարտակում են, թե իրենք ստացել են ժողովրդի մանդատը: Այս ստախոս նեոլիբերալների տրամաբանությամբ ստացվում է, որ հայ ժողովուրդն իրենց պետականակործան, ազգակործան մանդատ է տվել:

Կամ երբ Փաշինյանը խոսում է աղետաբեր «խաղաղության օրակարգը» կյանքի կոչելու իրենց քաղաքական կամքի մասին, հարց է առաջանում` իսկ ո՞ւմ է պետք ձեր կամքը, որը չի ծառայում հայ ժողովրդին, որը ոչ թե պետության ամրապնդմանը, այլ կործանմանն ուղղված կամք է, օտարի` թշնամու շահերին ծառայող կամք ու պատրաստակամություն:

Փաշինյանը նաև փորձեց շանտաժի ենթարկել մեր ժողովրդին` սպառնալ պատերազմով. մարդկանց ուղեղներին փորձելով հասցնելով այն հայակործան միտքը, թե պատերազմ չի լինի, եթե տարածքային նոր զիջումներ լինեն: Նա շատ պարզ, հստակ հայտարարում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, Հայաստանի տարածքներից լրջագույն զիջումներ` հօգուտ թշնամու, անելու մասին:

Հայոց պետականության նավի կործանման մասին խոսողը, սակայն ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ այդ նավը « խռովահույզ փոթորիկի հորձանուտ հանձնողը» հե՛նց ինքն է ու իր ուսապարկերի թիմը, վարվող կործանարար քաղաքականության հետևանքով է, որ շատացել է Հայաստանը ոչնչացնել ցանկացողների թիվը, այս թիմի դիվանագիտական տապալումների պատճառով է, որ եղավ 44-օրյա արյունալի, կործանարար պատերազմը: Ցանկացած երկրում նման ղեկավարը ժամեր անց կտար հրաժարական, բայց Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին` իրապես կործանման տանելով Հայոց պետականության նավը:

ՄԵՆՔ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԷԻՆՔ` ՈՉ ԹԵ Ի՞ՆՉ ԵՆՔ ՏԱԼՈՒ, ԱՅԼ Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմի հետ բանավոր պայմանավորվածություններ կան չբարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը և սպառնացել, եթե Երևանը շարունակի հավակնություններ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույնը կանեն իրենք:

Նկատենք, որ Փաշինյանը մշտապես կատարել է Ալիևի բոլոր հրահանգները: Հիշենք, երբ թշնամական երկրի ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանը չպետք է բանակ ունենա, նիկոլական ռեժիմը լծվեց բանակի կազմաքանդման գործին: Երբ Ալիևը հրահանգեց սրանց Արցախ չգնալ` արդեն երկու տարի է՝ Փաշինյանի ոտքը Արցախում չի երևում: Այսօր էլ հրահանգում է չխոսել Արցախի կարգավիճակի մասին և Փաշինյանն ու իր ուսապարկերը բերանները ջուր առած լռում են: Իսկ չխոսել Արցախի կարգավիճակի մասին՝ նշանակում է գնալ ադրբեջանանպաստ լուծման` թողնելով Արցախը Ադրբեջանի կազմում:

Հայտնի մանիպուլյատորն Ալիևի հրահանգը կատարելու համար, ինչպես միշտ, նորից մեջտեղ բերեց ամեն ինչ նախկինների վրա բարդելու հայտնի խաղաքարտը: Սա նաև լավ միջոց է մեր ժողովրդին ֆռռացնելու ու իր պետականաքանդ մեղքերը կոծկելու համար:

Եվ ահա, խորհրդարանում խոսելով Արցախյան բանակցային գործընթացի մասին, Փաշինյանը ինչպես միշտ, սկսեց նախկիններին ուղղված մեղադրանքներից, անգամ սեփական ձախողումները վերագրելով երկրորդ և երրորդ նախագահներին: «Բանակցություններում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե ՀՅԴ-ն ոչ միայն չէին բացառում, որ Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել էին բանակցային փաթեթի առանցքային տրամաբանության հետ, ըստ որի Ղարաբաղը, ի վերջո, պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում»: Իբրև ապացույց բերեց, այսպես կոչված` «Ընդհանուր պետության» մասին նախագիծը, շեշտելով, թե 1998-ի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր այդ նախագծի հիման վրա, ինչը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի ներկայություն Ադրբեջանի կազմում։

Փաշինյանի ճամարտակություններին հստակ արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հայտարարելով` Նիկոլը ստում է, նախկինում բանակցություններում նման համաձայնություն չի՛ եղել Հայաստանի կողմից:

«Նիկոլը պատերազմից անմիջապես հետո լծվել է մի ստոր աշխատանքի` իր ճակատից մաքրելու դավաճանի խարանը: Եվ այդ աշխատանքում նա չի խորշում ցանկացած կեղծիքից, ստից ու մանիպուլյացիայից: Ամեն անգամ մի նոր սուտ է մեյդան բերում, նպատակը մեկն է` մաքրել արյունոտ խարանը, Ղարաբաղը հանձնողի խարանը: Բայց այդ խարանն իր վրա դաջված է, քանի որ իր բերած փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում»:

Գալով իշխանության, Փաշինյանը արցախյան բանակցային գործընթացի մասին տեղեկատվություն էր ստանում Ալիևից և, ինչպես նկատում է Արմեն Աշոտյանը, հետևողականորեն քանդում էր բանակցային խրամատները. «Դուշանբեի վերելակում նա վաճառեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունները, և հայտարարեց` սկսում է սեփական կետից ու ինչ ուզում, այն էլ բանակցում է»:

Դառնալով նախկիններին ուղղված Փաշինյանի մեղադրանքներին, Աշոտյանը նախ հարց է հնչեցնում. «Եթե նախկինները համաձայնել են Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում: Եթե Նիկոլը ճիշտ է, և եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանձնում էին Ղարաբաղը Ադրբեջանին, ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում. Հիմա՞ր էին, իրենց համար պետականամե՞տ չէին, չէի՞ն ջոկում: Պարզ է չէ՞, որ ո՛չ հիմար էին, ո՛չ դեբիլ: Բա ինչո՞ւ չէին համաձայնում: Հարցի պատասխանը շատ պարզ է` Նիկոլը փչում է, սուտ է ասում, նման համաձայնություն չի եղել Հայաստանի կողմից»:

Խոսելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք բանակցված փաթեթների մասին, այդ թվում 2007-ին մշակված Մադրիդյան 3 սկզբունքների մասին` տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, Արմեն Աշոտյանը շեշետեց, որ երկու նախագահների օրոք հայկական կողմը բանակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման մեխանիզմների շուրջ:

«Ռոբերտ Քոչարյանի օրոք` Մադրիդյան սկզբունքներով, դրվել են բանակցային գործընթացի հիմնաքարերը, որոնք առավել զարգացել ու դետալիզացվել են Սերժ Սարգսյանի օրոք: Բանակցային ամբողջ տրամաբանությունը հետևյալն էր` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև լուծման հիմնարար սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է: Եվ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից բազմիցս է հայտարարվել, որ 3 սկզբունքներն անբաժան են իրարից ու փաթեթային լուծման մեջ են»:

Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի օրոք միտված է եղել մի պարզ տրամաբանության` «Ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ թե ի՞նչ ենք մենք ստանալու: Իսկ մենք ստանալու էինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորում, դրա իրագործման մեխանիզմներ և միջազգային հանրության կողմից վավերացված կարգավիճակ: Եվ սա թույլ կտար Արցախին մասնակցել ԵԱՀԿ աշխատանքներին, որով Արցախի ընտրված իշխանությունները` նախագահը, պատգամավորները, դատական իշխանությունը ճանաչվելու էին: Իսկ կարգավիճակը կպահպանվեր միջազգային խաղաղապահ ուժերի կողմից»:

Աշոտյանը հիշեցրեց, որ 2020-ին Կապանում հրավիրած ասուլիսում Փաշինյանը հեգնում էր Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը, որում ամրագրված էին «ինքնորոշման իրավունք» և «միջանկյալ կարգավիճակ» եզրույթները: «Նիկոլը հեգնում էր մեր թողած ժառանգությունը` 12 000 քառ կմ Արցախը և 5000 չսպանված երեխաներին»…

Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Փաշինյանը նաև հատարարել է, թե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, մինչդեռ այժմ հիմքում իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է կարգավիճակը, շեշտելով. «Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց»:

Արմեն Աշոտյանը նախ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատեց որպես փնթի ճամարտակություն, դատարկ բառախաղ, և հերթական մանիպուլյացիային հակադրեց կոնկրետ փաստեր. «Մադրիդյան հիմնարար սկզբունքների մեջ կարգավիճակի հարց կա՞, չկա, այնտեղ դրված է իրավունքի հարցը: Ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի քաղաքական կարևորագույն իրավունքն է: Եվ դա արվել է մեր օրոք, մեր թողած փաթեթում կարգավիճակի գերակայության հարց չկա, այլ կա իրավունքի՛ գերակայություն, որով Արցախի ժողովուրդը կորոշեր ի՛ր կարգավիճակը. Կա՛մ կմնար անկախ պետություն, կա՛մ կվերամիավորվեր Հայաստանին: Մեր թողած փաթեթում գրված էր, որ հանրաքվեն ունենալու է պարտադիր իրավական ուժ և հանրաքվեի դրվելու հարցը որևէ այլ բանով սահմանափակված չի լինելու: Իրավունքի վրա խարսխված քաղաքականություն մենք ենք վարել, ինչը հաստատվում է միջազգային տարբեր փաստաթղթերում, պայմանագրերում»:

ՀՀԿ փոխնախագահը նկատում է․ «Չենք հոգնելու բացահայտել Փաշինյանի ստերը, մի մարդու, ով քաղաքական իմաստով դավաճան է, ում քաղաքականության հիմքում ընկած է արցախյան հակամարտության, մինչ պատերազմը, դավադրական բանակցային քաղաքականությունը, ինչը թաքնված էր, իսկ պատերազմից հետո այդ քաղաքականությունը դարձել է բացահայտ»: 

 Արմինե Սիմոնյան