ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր  ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Կիևին 1 մլրդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կտրամադրեն։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է «Ռադիո Սպուտնիկ»-ը։

Բացի այդ, ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:

«Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրել եմ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է ևս մեկ միլիարդ դոլարի աջակցություն՝ ներառյալ լրացուցիչ հրետանի և առափնյա պաշտպանություն, ինչպես նաև հրետանու զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական գործողություններին աջակցելու համար»,- Բայդենի խոսքերը մեջբերել է Սպիտակ տունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: