Թուրքիան Հունաստանից պահանջում է ապառազմականացնել կղզիները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայմանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է:

«Էրմենիհաբերը» գրում է, որ Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է՝ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար:

Հունաստանին ներկայացնելով որպես օրինախախտ, ագրեսիվ տրամադրված կողմ, որն ապակառուցողական մոտեցում է որդեգրել՝ Չելիքը պահանջել է Հունաստանից կղզիների ապառազմականացում:

Թուրք գործիչը Հունաստանին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել իրենց զգայունությունը «Կապույտ հայրենիք» դոկտրինայի նկատմամբ: