Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար․ Ալեքսեյ Արեստովիչ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար, քանի որ նա Ուկրաինային չի տալիս իր խոստացած ծանր սպառազինությունը։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Եթե բավական քանակություն (զենք) լինի, մենք կհաղթենք պատերազմում: Երբ Արևմուտքը մեզ տվեց 120 հեռահար հրետանի, իրավիճակը ճակատում անմիջապես փոխվեց: Երեք օրվա ընթացքում ռուսները կորցրին հարձակման արագությունը», – ասել է Արեստովիչը:
Նա հիշեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է փոխանցել 88 «Լեոպարդ» տանկ, 50 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանք։
«Դա բավական կլիներ ուկրաինական բանակում երկու բրիգադի համար: Հիմա, եթե մենք ունենայինք երկու բրիգադ ինչ-որ տեղ առաջնագծում, մենք կարող էինք հետ գրավել Խերսոնը կամ հեռացնել նրանց Պոպասնայից և Սևերոդոնեցկից: Այսօր երկու բրիգադը մեծ ուժ է»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ կասի Շոլցին, եթե հանդիպի, Արեստովիչը պատասխանել է. «Պարո՛ն Շոլց, Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար, ամեն օր երեխաներ են զոհվում, մենք ամեն օր 100 զինվոր ենք կորցնում, որովհետև Դուք մեզ ծանր սպառազինություն չեք տալիս։ Ուկրաինայի բանակը հզոր է, մենք կարող ենք ռուսներին հաղթել ու դուրս մղել մեր երկրից, բայց մեզ զենք է պետք»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով, ԱՄՆի ու Եվրոպայի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։