Կանադան և Դանիան կարգավորել են 1970-ականներից շարունակվող տարածքային վեճը

Կանադան և Դանիան համաձայնագիր են ստորագրել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում 1,3 քառակուսի կիլոմետր մակերեսով Հանս կղզու շուրջ տարածքային վեճը լուծելու համար, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Դանիայի ԱԳՆ-ը։

Ավելի վաղ երկրները պայմանավորվել էին, որ Հանս կղզում սահման կանցկացվի, որը փոքրիկ կղզին կբաժանի կանադական Նունավուտի և Դանիայի կազմում ինքնավար տարածք համարվող Գրենլանդիայի միջև։

Նշվում է նաև, որ այս համաձայնագիրը «կարևոր պատմական հանգրվան» է «բարեկամների և հարևանների» հարաբերություններում և հանդիսանում է երկար տարիների քննարկումների գագաթնակետը։

Հանս փոքր կղզու պատկանելիության վերաբերյալ վեճը սկսվել է 1973 թվականին, երբ Դանիան և Կանադան բանակցում էին ծովային սահմանի շուրջ։ Արդյունքում այս հարցը ձգձգվել է գրեթե կես դար։ Կղզին ունի ընդամենը 1290 մետր երկարություն, 1199 մետր լայնություն։ Տարածքը կազմում է 1,3 կմ²։

Կողմերը երբեք բուռն քննարկումներ չեն ունեցել կղզու պատկանելության վերաբերյալ, նույնիսկ հումորով են վերաբերվել իրավիճակին։ Այսպիսով, 1984-ին դանիացիները կղզի էին ուղարկել զինվորականների, որոնք այնտեղ տեղադրել էին Դանիայի դրոշը, թողել դանիական շնապսի շիշ՝ «Բարի գալուստ Դանիայի կղզի» գրությամբ:

Ի պատասխան՝ կանադացիներն իրենց դրոշն էին տեղադրել և թողել մի շիշ Canadian Club վիսկի։