Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կնախաձեռնվի

Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց կիրականացվի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը, ներկայացնելով շարժման մարտավարության փոփոխությունները, հայտարարեց, որ թեև վրանային ավանը կհանվի, բայց փողոցային պայքարը շարունակվելու է ինտենսիվությամբ ու դրան զուգահեռ քայլեր են ձեռնարկվելու շարժումը ամբողջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ծավալելու ուղղությամբ.

«Այս ամենին զուգահեռ պետք է պատրաստ լինել, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է շատ արագ և օպերատիվ արձագանքի, հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24-ժամյա ռեժիմի»,- նշեց Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ հիմնական օրակարգը պահելով պետք է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ից հետո լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին և նրան աթոռից հեռացնելու գործիքակազմին ավելանում է ևս մեկ հնարավորություն։

Սաղաթելյանը նշեց, որ պետք է իրականացվի նախապատրաստական լուրջ աշխատանք երկու ուղղությամբ՝ պաշտոնանկության հիմքերի ամբողջացում՝ իրավական և քաղաքական, դրա համաժողովրդական պահանջի դրսևորում և ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարում օրենքով սահմանված անվստահություն հայտնելու նախապայմանի։