«Սյունիք-2» օպերացիան Բերձորում. փաստաթղթում ինչո՞ւ հայտնվեց «երկայնքով» բառը․ Վահե Սարգսյան

իկոլի իշխանությունը, Արցախի իշխանության կամ, ավելի ստույգ, Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևի հետ գործակցաբար կամ համատեղ գծված պլանի համաձայն, առաջիկայում պատրաստվում է թշնամուն հանձնել Բերձորն ու հարակից բնակավայրերը։ Թեև ավարտին հասնելուն դեռ ժամանակ կա, բայց այս օրերին մեծ արագությամբ կառուցվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանով (Հին Շեն, Մեծ Շեն և այլ գյուղեր) Բերձոր-Ստեփանակերտ մայրուղուն կապող նոր ճանապարհը։

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 2022 թ. հուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և հայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազավթման մասին։ Եվ քանի որ այդ օրը դեռևս պատրաստ չի լինելու նոր կառուցվող ճանապարհը, հնարավոր է՝ Ադրբեջանը թույլ տա, որպեսզի ժամանակավորապես «իր տարածքով» հաստատվի ցամաքային կապը ՀՀ-ի և Արցախի միջև, մինչև շահագործման կհանձնվի կառուցվող ճանապարհը։

Թարգմանական վրիպա՞կ, թե՞ նախամտածված դավադրություն

Նոր ճանապարհի կառուցումը փորձ է արվում ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված նախագիծ։ Հայտարարության ռուսերեն բնօրինակի 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված է. “По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией…”.

Ապշեցուցիչ փաստ. ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հայերեն նշված հատվածի  հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «երկայնքով» դավադիր բառը։ Այսպես. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»:

Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։ Իսկ վերջինիս տակ կարելի է հասկանալ՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ միջանցքի կողքով։ Փաշինյանն ու Ալիևը, փաստորեն, փոխադարձ պայմանավորվածությամբ հիմնվել են փաշինյանական թարգմանության և «երկայնքով» հնարածին բառի վրա, ավելին, այն մեկնաբանել իբրև կողքով։

Կոռնիձոր – Հին Շեն ներկայումս կառուցվող ճանապարհն ընկած է Լաչինի միջանցքից դուրս, հետևաբար, վերջինիս՝ այդ վայրերով կառուցումը ոչ միայն չի նախատեսված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև խստորեն հակասում է վերջինիս դրույթներին և արդյունք է Փաշինյան – Ալիև պայմանավորվածության (տառացիորեն կրկնվում է Սյունիքի դիրքերի՝ «բանավոր ըմբռնմամբ» հետքաշման տխրահռչակ օպերացիան)։ Պարզորոշ է՝ եթե Ադրբեջանը Բերձորն ու հարակից բնակավայրերն ստանալու հարցում երկաթե երաշխիքներ ստացած չլիներ հայկական կողմից, ապա անգամ մեկ էքսակավատոր չէր մտցնի Աղավնո գետի հովիտ կամ Հին ու Մեծ Շեների լեռնային անտառապատ հատվածներ։

ՀՀ և Արցախի իշխանության արայիկհարությունյանական թևը փորձում է ոչ պաշտոնական ձևով հրապարակ նետել հետևյալ կետերը.

  • առաջարկվող ճանապարհը ռազմաստրատեգիական իմաստով ավելի շահավետ է, քան գործողը,
  • ռուսական խաղարար ուժերի սպառազինությունը Բերձորում խիստ անբավարար է, և վերջիններս չեն կարող դիմակայել Ադրբեջանի ճնշումներին,
  • ռուս խաղաղարարները ցանկանում են առիթից օգտվել և վաճառել բնակավայրերի մետաղը և այլն, ինչի համար էլ, իբր, շահագրգռված են, որ Բերձորը հանձնվի,
  • ադրբեջանական կողմը չի պահանջում, որ Բերձորի ու հարակից բնակավայրերի հայ բնակիչները հեռանան. վերջիններս կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և շարունակել ապրել իրենց տներում։

Նշվածը, բնականաբար, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, և նմանաբովանդակ տեսակետները շրջանառվում են, որպեսզի Բերձորից ազատվեն հնարավորինս անցնցում կամ այն հանձնվի առանց ավելորդ գլխացավանքների։ Պարզ ասած՝ գործ ունենք փորձված  չարչիական մեթոդների հետ, այն է՝ Արցախի հանձնման «բերձորյան» փուլը ևս բարդել, օրինակ, ռուսական կողմի, «նախկինների» և այլոց վրա։

Արդեն իսկ խճճելով ու ոտնահարելով եռակողմ հայտարարության դրույթը՝ ՀՀ և Արցախի իշխանությունները որևէ հստակ պատասխան չունեն կամ չեն տալիս՝ արդյո՞ք նոր ճանապարհը գործելու է միջանցքի տրամաբանությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ, օրինակ, Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չի առաջարկվում տեղափոխվել և ապրել նոր միջանցքի մեջ մտնող բնակավայրերում։

Բերձորի հանձնման հետևանքները

Բերձորի և հարակից մի քանի բնակավայրերի հանձնումով, հայ ժողովրդին  բարոյահոգեբանական նոր տրավմա պատճառելուց, Բերձորում և Աղավնոյում ներկայումս ապրող հայությանը տարագիր դարձնելուց զատ, թշնամու թիրախի տակ են դրվում ՀՀ Գորիսի շրջանի Տեղ գյուղի ցանքատարածություններն ու արոտավայրերը։ Այսպես, եթե մինչ օրս Տեղի դաշտերին հաջորդում էին Արցախի Քաշաթաղի վարչական սահմանի՝ Բերձոր-Աղավնոյի՝  հայկական վերահսկողության տակ գտնվող լայնարձակ տարածքները, ապա հետայսու արմատապես փոխվում է իրավիճակը. ադրբեջանական զինված ուժերը, այդ հատվածներում ևս առաջնորդվելով տխրահռչակ GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի գծանշումներով, տեղակայվելու են Տեղից քիչ հեռու կամ, ավելի կոնկրետ, այն վայրում, որտեղ այսօր գտնվում է նոյեմբերի 9-ից հետո տեղակայված հայկական անցակետը։ Ի դեպ, Տեղի հայկական անցակետի՝ հենց GPS համակարգով տեղորոշված սահմանագծի վրա տեղակայումը ևս պատահական չէ, և կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները դեռ նոյեմբերի 9-ից սկսած մտադիր են եղել հանձնել Բերձորը և այդ առթիվ ադրբեջանական կողմի հետ ունեցել են գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ (Սյունիքի դիրքերի օրինակով)։

Արցախի համար Բերձորի հանձնումը հղի է անդառնալի հետևանքներով։ Փաստենք՝ Բերձորով են ացնում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը և այլն։ Ներկայումս այս հարցերին ևս չկա հստակ պատասխան՝ ի՞նչ է լինելու այս հաղորդուղիների ճակատագիրը. մնալու են ադրբեջանական վերահսկողության տա՞կ, եթե այո, ապա ինչպե՞ս են ՀՀ և Արցախի իշխանությունները պատկերացնում դրանց անխափան գործունեությունը, այդ ե՞րբ և որտե՞ղ է ադրբեջանական կողմը ներշնչել վստահություն, որ չի կրկնվելու նախկին դառը փորձը, և Ադրբեջանը որպես սուր չի ճոճելու արցախահայության կեցության համար անհրաժեշտ հաղորդուղիներն իր ձեռքում գտնվելու հաղթաթուղթը։

Նախնական եզրակացությունը հետևյալն է. թշմանուն է հանձնվում  մեկ քաղաք՝ իր ենթակառույցներով, երկու նորակառույց եկեղեցի, բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, խաչքարեր, երկու հիդրոէլեկտրակայան, Ներքին Սուս գյուղը, բարեշեն Աղավնո ավանն՝ իր ենթակառույցներով, Արցախի համար կենսական նշանակության հաղորդուղիներ, կլոր տարին անխափան գործող բարեկեցիկ և հարմարավետ մայրուղի։ Այս ոչ ամբողջական ցանկի դիմաց ստանում ենք թշնամու կողմից հապշտապ կառուցված և, բնականաբար, բազմաթիվ դավադիր խութերով հարուստ մի ճանապարհ, որի անխափան գործելը  կասկածի տակ են առել բազմաթիվ մասնագետներ։

Վերոնշյալը հիմք է տալիս ենթադրելու, որ, ինչ-որ կասկածելի ճանապարհի դիմաց Բերձորի և հարակից բնակավայրերի հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան Արցախն ամբողջովին Ադրբեջանին հանձնելու գործողության հերթական և որոշիչ փուլը։ Հաջորդ քայլն արդեն կարող է լինել Կոռնիձորի մոտ, նոր կառուցված ճանապարհի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումը՝ իր կործանարար հետևանքներով, որով էլ կավարտվի Փաշինյանի իշխանության կողմից Արցախի հանձնման գործընթացը։

Հ.Գ. Այսքանով հանդերձ՝ շատ բան հնարավոր է փրկել։ Կործանարար այս ընթացքը կասեցնելու մի քանի տարբերակներ կան, որոնց քննարկումն ու կյանքի կոչելը օրվա հրամայական է։

 

Վահե Սարգսյան

«Երկիր» պարբերականի գլխավոր խմբագիր