Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, արդիական է աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանումը. Դավիթ Բաբայան

«Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ -Առանց դրա նրանք դատապարտված են: Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»,- գրել է ԱՀ ԱԳ նախարարը։