Դիվանագիտական ոլորտը արդիականացնելու և ծառայությունը թարմացնելու անհրաժեշտություն կա․ Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել նոր՝ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն, որը կհամարվի քաղաքացիական ծառայող, փոփոխություն է կատարվում նաև դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգում:  «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստանում դիվանագիտական ​​ոլորտը արդիականացնելու և ծառայությունը թարմացնելու անհրաժեշտություն կար»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ դիվանագիտական ծառայության՝ ԱԳՆ-ի համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը, շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն: «Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը ԱԳՆ համակարգում մշտապես տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն, և այստեղ փոփոխություններ չի նախատեսվում: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ստորաբաժանումներ ԱԳՆ-ում անցնում են քաղաքացիական ծառայության համակարգի՝ առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր տեղակալի քարտուղարի հաստիք, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»,-ասաց պատգամավորը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Ըստ պատգամավորի՝ դիվանագիտական աստիճանների հարցում ընտրել են առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա ոչ շատ արագ, ոչ շատ դանդաղ գնալ առաջ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում:

Փոփոխություն է նախատեսվում նաև դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին: «Այստեղ որոշակի համահունչություն է մտցվում ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի հետ, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, որը նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»,-ասաց Վարդանյանը:

Նախագծով սահմանվում է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:

Նշենք, որ ԱԺ քառօրյային ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում։