SIPRI-ն հայտարարել է Սառը պատերազմից ի վեր միջուկային զենքի օգտագործման ամենաբարձր ռիսկի մասին

Միջուկային զենքի կիրառման ռիսկն աշխարհում հասել է իր ամենաբարձր մակարդակին սառը պատերազմից ի վեր, ասել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) ղեկավար Դեն Սմիթը։

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ինչպես նաև Իսրայելը և Հյուսիսային Կորեան շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները։

«Չնայած միջուկային սպառազինությունների վերահսկման և զինաթափման որոշ կարևոր առաջընթացներին, միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է իր ամենաբարձր մակարդակին սառը պատերազմից ի վեր», – ասաց Սմիթը:

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասնամյակում միջուկային զենքի պաշարները կավելանան։ Ակնկալվում է, որ եթե ներկայիս միտումը շարունակվի, ապա մոտ ժամանակներս աշխարհում միջուկային մարտագլխիկների թիվը կարող է սկսել աճել սառը պատերազմից հետո առաջին անգամ։

«Չնայած միջուկային զենքերի ընդհանուր թիվը փոքր-ինչ նվազել է 2021 թ․ հունվարից մինչև 2022 թ․ հունվար, այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի հաջորդ տասնամյակում», – ասել է SIPRI-ն:

Ինչպես նշել է կազմակերպության խոսնակ Վիլֆրեդ Վանգը, միջուկային զենք ունեցող պետությունները սրում են իրենց հռետորաբանությունը և մեծացնում են զենքի այս տեսակի դերը իրենց ռազմական գործունեության մեջ։