Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 13-ին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագի ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Qahana.am-ի հաղորդմամբ, ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա:

Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: